Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հանդես է գալիս Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման օգտին: Այս մասին նա հայտարարել է թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում: Նեթանյահուի խոսքով, Թուրքիան եւ Իսրայելը երկու կայուն եւ կարեւոր երկրներ են անկայուն տարածաշրջանում, որոնց ժողովուրդների միջեւ հարաբերությունները գնում են դեպի դարերի խորքը:
«Մենք ցանկանում ենք վերականգնել այդ հարաբերությունները, ինչը կարեւոր կլինի ինչպես երկու երկրների, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար»,-ասել է Իսրայելի վարչապետը:
Նա նշել է, որ հավատում է շահերի վրա հիմնված միությանը: «Իսրայելն ու Թուրքիան կարող են անել իրենցից կախված ամեն ինչ` հարաբերությունների վերականգնման համար եւ դրա համար պետք է օգտագործեն բոլոր հնարավորությունները»,-ասել է Նեթանյահուն:
Նշենք, որ Թուրքիայի եւ իսրայելի հարաբերությունները լարվել էին 2008-2009 թթ ձմռանը Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացվող գործողությունից հետո եւ փաստացի փակուղի էին մտել 2010-ի մայիսին գազայի հատված ուղեւորվող թուրքական «Խաղաղության նավատորմի» վրա հարձակումից հետո:
Իսրայելի հատուկ ջոկատի կողմից իրականացված այդ գործողության ժամանակ սպանվել էր 9 թուրք: Միջադեպից հետո Թուրքիան խզել էր դիվանագիտական հարաբերություններն իսրայելի հետ, սառեցրել ռազմատեխնիկական համագործակցությունը, պահանջելով պաշտոնապես ներողություն խնդրել այդ գրոհի համար եւ փոխհատուցում վճարել զոգհերի հարազատներին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը դրանից մեկ օր առաջ հայտարարել է, որ Իսրայելը պատրաստ է Թուրքիայի հետ քննարկել բոլոր վիճելի հարցերը, սակայն իր երկիրը երբեք ներողություն չի խնդրի Թուրքիայից, իսկ եթե նման բան լինի, ինքը հրաժարական կտա:




























