Ռուսաստանի ՔԿ Մոսկվայի գլխավոր վարչությունը մեղադրանք է ներկայացրել վրացի պաշտոնաթող գեներալ Ռոման Դումբաձեի սպանության գործով եւս մեկ կասկածյալի` Վրաստանի 25-ամյա քաղաքացի Թորնիկե Կվիրիկաշվիլիին, որը ձերբակալվել է հուլիսի 24-ին: Նա խոստովանություն է գրել` հայտնելով, որ մարդասպանին փոխանցել է զենքը, որով սպանել են Դումբաձեին:
Առաջիկայում քննությունը դատարանում կմիջնորդի, որպեսզի նրա համար խափանման միջոց ընտրվի կալանքը: Քրեական գործի քննությունը շարունակվում է:
Քննության վարկածով` 2012թ. մայիսի 21-ին ժամը 15-ի սահմաններում Ռուբլյովսկայա պողոտայի № 30 տան մոտ Դումբաձեն ենթադրաբար սպանվել էր ՊՍՄ ատրճանակից: Հարձակվողները մոտոցիկլետով հեռացել էին դեպքի վայրից:
Քննության շրջանակում ձերբակալվել էին ենթադրյալ երեք հանցագործներ, բոլորն էլ` վրաստանցի: Ներկայումս զինված խմբի երեք մասնակիցների նկատմամբ անհրաժեշտ քննչական գործողություններ են տարվում, գրում է vesti.ru-ն` վկայակոչելով ՌԴ ՔԿ մամուլի ծառայությանը:
Նրանց արդեն մեղադրանք է ներկայացվել սպանություն գործելու եւ հրազենի ապօրինի շրջանառության համար, նրանք հսկողության տակ են: Քննության վարկածով`հանցախմբի մասնակիցները, որոնք պատվեր են կատարել, մասնակից են Մոսկվայի շրջանում կատարված մի շարք այլ ծանր հանցագործությունների եւս:
Ինչպես օրեր առաջ հաղորդել էր «Իզվեստիան», այս գործում անսպասելի շրջադարձ է կատարվել. կասկածյալներից մեկը թաքցնում էր ազգանունը: Խուզարկուները Շաթո Թարուգեշվիլիի մի քանի անձնագրեր են գտել, այժմ ձգտում են պարզել նրա իսկական կենսագրությունը:




























