Ռուս Վլադիսլավ Չելախը, որը մեղադրվում է Չինաստանի եւ Ղազախստանի սահմանի «Արքանգերգեն» ուղեկալի հրդեհի եւ ծառայակիցների սպանության մեջ, հրաժարվել է ընդունել իր մեղքը: Այդ մասին հայտնել է կասկածյալի պապը` Վլադիմիր Չելախը:
«Դա իմ խոսքերը չեն, այլ փաստաբանի, ես պարզապես հաստատում եմ դրանք, ասել է նա: Այժմ փաստաբանները հանդիպում են նրա հետ», - ասել է պապը, հայտնում է BNews.kz-ը:
Հուլիսի 24-ին Ալմաթիում ավարտվել էր սահմանապահ Չելախի դատահոգեբանահոգեբուժական համակողմանի փորձաքննությունը:
Դրա արդյունքները չեն հրապարակվում, կասկածյալը փորձաքննության ավարտից հետո տեղափոխվել է Ուշարալ:
Ինչպես LifeNews-ի հետ զրույցում հայտնել էր Չելախի փաստաբան Թուլիգեն Բեռլիկոժանովը, թեպետ պաշտոնական եզրակացությունը պատրաստ կլինի 3 օր անց, կարելի է եզրակացնել, որ Վլադիսլավ Չելախը միանգամայն նորմալ վիճակում է:
«Հակառակ դեպքում, ըստ օրենքի, նրան անմիջապես պետք է հատուկ բժշկական հաստատություն տեղափոխեին», - ասել է նա, մինչդեռ մեղադրյալը մեկուսարանում է:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, մայիսի վերջին Ղազախստանի եւ Չինաստանի սահմանին գտնվող ժամանակավոր «Արքանգերգեն» ուղեկալում հայտնաբերվել էին 14 սահմանապահների եւ տեղի որսորդի դիակները: Մի քանի օր անց ձերբակալվել էր 15-րդ սահմանապահը` ժամկետային զինծառայող Վլադիսլավ Չելախը: Քննության տվյալներով` նա սպանել է ծառայակիցներին ու որսորդին, այնուհետեւ այրել ուղեկալը: Սպանության պատճառը «ներքին հակասություններն ու գիտակցության մթագնման անբացատրելի վիճակն է եղել»:
Ղազախստանում շատերն անվստահությամբ են վերաբերվում պաշտոնական վարկածին` համարելով, որ մեկ մարդը չէր կարող 15 զինվորականի վերացնել:




























