Քաղաքացիական նախաձեռնությունների մի խումբ ակտիվիստներ այսօր` հուլիսի 25-ին,  բողոքի ակցիա են անցկացրել Նալբանդյան փողոցում գտնվող «Արմավիա» ավիաընկերության կենտրոնական գրասենյակի առջեւ: Ցուցարարները բողոքում են «Արմավիայի» կողմից Հալեպ-Երեւան, Երեւան-Հալեպ ավիատոմսերը թանկացնելու դեմ: Նրանք նշեցին, որ անամոթություն է պատերազմական նման իրավիճակից օգտվելն ու բիզնես շահեր հետապնդելը: «Արաբական ավիաուղիները եւս կարող էին թանկացնել տոմսերի գները, սակայն այնտեղ գնային տատանումն եղավ չնչին, պատճառն այն է, որ՝ թասիբ, նամուս, աբուռ բառերը եւս հասկանալի են արաբերենով, իսկ «Արմավիա»-ն դա չունի: Հայաստանը շատ դժվար օրեր է ունեցել՝ երկրաշարժ, պատերազմ, տնտեսության փլուզում եւ հենց այդ դժվարին օրերին մեր կողքին են եղել Սփյուռքի մեր հայրենակիցները: «Արմավիան» Հայաստանում միակ կառույցն է, որ արձագանքեց սիրիական դեպքերին եւ մտածեց, որ «կակ ռազ» հարմար առիթ է տոմսերը թանկացնելու համար ու մարդիկ իրենց վերջին կոպեկն էլ կտան իրենց բարեկամներին` Հայաստան տեղափոխելու համար»,- ասաց ցույցի մասնակիցներից Ապրես Զոհրաբյանը` շեշտելով, որ «Արմավիա» ընկերությունը տոմսերը գրեթե կրկնակի է թանկացրել: Նրա խոսքով` տոմսերի գների բարձրացման վերաբերյալ «Արմավիա» ավիաընկերության պատճառաբանությունը «կրուտիտի» դասական օրինակ է:

Ակցիայի մեկ այլ մասնակից Նվարդ Մանասյանն էլ հայտարարեց, որ «Արմավիա»-ն չի կարող կոչվել ազգային ավիափոխադրող, քանի որ հայերիս համար այս կարեւոր պահին հակազգային քայլ է կատարում:

Ակցիայի մասնակիցները «ամոթ» էին վանկարկում «Արմավիա» ավիաընկերության կենտրոնական գրասենյակի առջեւ եւ կոչ անում չօգտվել այլեւս ընկերության ծառայություններից: Իսկ  «Արմավիա» ընկերությունից ոչ ոք այդպես էլ չմոտեցավ ակցիայի մասնակիցներին: Ցուցարարները հույս ունեն, որ  գործը չի հասնի համազգային բոյկոտի ալիքի աստիճանի, եւ «Արմավիան» կվերանայի իր քաղաքականությունը: