ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում հերքեց Հայաստանի ՆԳ նախկին նախարար, արձակագիր Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանի հայտարարությունն այն մասին, որ երբ առաջին անգամ գլխավոր դատախազը պետք է ԱԺ-ում միջնորդեր, որ ձերբակալեին Վանո Սիրադեղյանին, Արամ Մանուկյանն անձամբ խնդրել է Վանո Սիրադեղյանին, որ կամ ինքը չմասնակցի քվեարկությանը, կամ կողմ քվեարկի դատախազության միջնորդության` պատճառաբանելով, որ ինքը մշակույթի փոխնախարար է եւ դեմ քվեարկելու դեպքում Ռոբերտ Քոչարյանն իրեն աշխատանքից կազատի:

«Բացարձակ սուտ է»,- ասաց Արամ Մանուկյանը: Իսկ թե ոնց է նա անձամբ քվեարկել այդ միջնորդության ժամանակ, ՀՀՇ վարչության նախագահը ոչինչ չասաց` խորհուրդ տալով, որ մենք ինքներս ճշտենք: «Դուք կարող եք ինքներդ ճշտել, դուք դրա հնարավորությունն ունեք»,- ասաց նա` հավելելով, որ կարող են հանել նաեւ իր այդ օրվա ելույթը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ՆԳ նախկին նախարար, արձակագիր Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանն այսօր` հուլիսի 25-ին հրավիրված ասուլիսում մի բացահայտում արեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի մասին, ով այն տարիներին մշակույթի փոխնախարար է եղել:

Նրա խոսքով, երբ առաջին անգամ գլխավոր դատախազը պետք է ԱԺ-ում միջնորդեր, որ ձերբակալեին Վանո Սիրադեղյանին, Արամ Մանուկյանն անձամբ խնդրել է Վանո Սիրադեղյանին, որ կամ ինքը չմասնակցի քվեարկությանը, կամ կողմ քվեարկի դատախազության միջնորդության` պատճառաբանելով, որ ինքը մշակույթի փոխնախարար է եւ դեմ քվեարկելու դեպքում Ռոբերտ Քոչարյանն իրեն աշխատանքից կազատի: 

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի