Կրիմսկում ջրհեղեղով պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելու մասին փաստաթուղթը կեղծված է եղել: Այն կազմվել է հաջորդ օրվա առավոտյան` հետին ամսաթվով: Նման հայտարարությամբ հանդես է եկել Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստիրկինը` Կրասնոդարի երկրամասում ջրհեղեղի հետեւանքների վերացման կապակցությամբ վերջին խորհրդակցության ընթացքում, որը Գելենջիկում անցկացնում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք պարզել ենք, որ այն փաստաթուղթը, որը մեզ ներկայացրել են, այսինքն` առատ տեղումներով պայմանավորված` արտակարգ դրություն հայտարարելու մասին թիվ 14 որոշումը, կեղծված է եղել», –ասել է Բաստիրկինը: Նա բացատրել է, որ հուլիսի 6-ի լույս 7-ի գիշերը ոչ մի որոշում չի կայացվել, իսկ փաստաթղթում նշված միջոցառումներն իրականում չեն անցկացվել, հաղորդում է gazeta.ru-ն:
Ինչպես հաղորդում է «ինտերֆաքսը», Բաստրիկինը նաեւ նշել է, որ Կրիմսկում արտակարգ դրության մասին իրազեկման մեխանիզմը լիովին բացակայել է, եւ դրա մասին են վկայում մոտավորապես 2 հազար մարդ: «Ներկայումս մեր կողմից փաստերով հաստատվել է, որ բնակչությունից միայն 52 մարդ է տեղեկացվել, այն էլ քաղաքի այն մասում, որտեղ աշխատել է իրազեկման ավտոմատացված համակարգը», - ասել է նա:
Կուբանում աղետալի ջրհեղեղը տեղի է ունեցել հուլիսի 7-ի գիշերը, այն 170 մարդու կյանք է խլել, ընդ որում` Կրիմսկում զոհվել է ավելի քան 150 մարդ:
Հուլիսի 22-ին օպերատիվ ծառայությունների աշխատակիցները անփութության համար ձերբակալել էին Կրիմսկի քաղաքապետ Վլադիմիր Ուլանովսկիին, Կրիմսկի շրջանի նախկին ղեկավար Վասիլի Կրուտկոյին եւ Կրիմսկի շրջանի Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության վարչության ղեկավարի պաշտոնակատար Վիկտոր Ժդանովին: Վասիլի Կրուտկոն պաշտոնից հեռացվել էր ջրհեղեղից մի քանի օր անց: Աղետից անմիջապես հետո Կրիմսկում Վլադիմիր Պուտինի անցկացրած ժողովից հետո Կրուտկոն պատմել էր, որ շրջանի իշխանությունները բնակչությանը տեղեկացրել են ժամը 22.30-ին, իշխանության ներկայացուցիչները շրջել են բակերով, վազող տող են հեռարձակել հեռուստատեսությամբ: Սակայն բնակիչները հայտնել են, որ իրենց չեն տեղեկացրել, ջրհեղեղի նրանք չեն սպասել եւ պատրաստ չեն եղել դրան:




























