Մոսկվայում, այսօր` հուլիսի 25-ին, տեղի է ունեցել մարտական սամբոյի աշխարհի չեմպիոն Ռասուլ Միրզաեւի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Միրազեւի հարվածից մահացել էր 19-ամյա Իվան Աղաֆոնովը:
Դատախազը հրապարակել է մեղադրական եզրակացությունը: Միրզաեւը մեղադրվում է դիտավորյալ ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեջ, որն անուշադրությամբ առաջացրել է մահ:
Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, մեղադրյալն իրեն հասցեագրված մեղքը չի ընդունել: Քննության տվյալներով, նախորդ տարվա օգոստոսին մոսկովյան գիշերային ակումբներից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Միրզաեւը հարվածել է Աղաֆոնովին, ով մի քանի օր անց մահացել է հիվանդանոցում: Պաշտպանական կողմը պնդում է, որ Աղաֆոնովը մահացել է ասֆալտին ընկնելու արդյունքում:
Դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը եւ արգելել վկաների հարցաքննության տեսահեռարձակումը:
Հաջորդ նիստը կկայանա հուլիսի 27-ին:




























