Աշխարհահռչակ երաժիշտ Սթինգը, որը շրջագայությամբ ժամանել է Մոսկվա, միացել է Pussy Riot խմբի պաշտպաններին եւ ռուսական իշխանություններին քննադատել այն բանի համար, որ աղջիկները բանտում են, հաղորդում է Amnesty International-ի կայքը:

«Սարսափելի է, որ Pussy Riot խմբի աղջիկներին մինչեւ յոթ տարվա ազատազրկում է սպառնում: Այլախոհությունն օրինական է եւ ցանկացած ժողովրդավարության անբեկանելի իրավունքն է, ժամանակակից քաղաքական գործիչները պետք է հանդուրժողականությամբ ընդունեն այդ փաստը: Չափի եւ հումորի զգացումը ուժի նշան է, ոչ թե թուլության: Իհարկե, ռուսական իշխանությունները կհանեն այդ սուտ մեղադրանքները եւ այդ կանանց թույլ կտան վերադառնալ իրենց երեխաների եւ ընտանիքների մոտ», - ասել է նա, գրում է gazeta.ru-ն:

Սթինգը համաշխարհային մեծության առաջին աստղը չէ, որ սատարում է Pussy Riot-ին: հուլիսի 23-ին ամերիկյան Red Hot Chili Peppers խմբի անդամները նամակ էին գրել Pussy Riot խմբի երեք մասնակիցներին:

Հուլիսի 22-ին Էնթոնի Քիդիսը համերգին բեմ էր դուրս եկել Pussy Riot գրառմամբ շապիկով: Հուլիսի 21-ին աղջիկներին նամակ էր գրել բրիտանական Franz Ferdinand խմբի Մոսկվայում գտնվող մենակատար Ալեքս Կապրանոսը:

Խմբի մասնակիցները ձերբակալվել էին այս տարվա մարտին` Քրիստոս Փրկչի եկեղեցում «Աստվածամայր, Պուտինին վռնդիր» փանք-աղոթքի գործով: