Ռուսական «Մուզ-TV» մրցանակաբաշխության տնօրեն Արման Դավլետյարովը հերքել է մրցանակաբաշխության փակման մասին մամուլում հայտնված տեղեկությունները: Հիշեցնենք, որ նման լուրեր էին տարածվել Տիմատիի եւ Կիրկորովի միջեւ տեղի ունեցած վիճաբանությունից հետո:

«ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում նա հայտնել է, որ հաջորդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա նախատեսվածի համաձայն 2013 թ. հունիսի 7-ին: «11-րդ ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը տեղի կունենա: Այս ողջ աղմուկը մրցանակաբաշխության փակման մասին հիմքեր չունի: Մրցանակաբաշխությունը եղել է, կա ու կմնա, եւ ոչ մի արտիստ, արտիստների միջեւ տեղի ունեցած ոչ մի վիճաբանություն չեն կարող ազդել, որպեսզի մրցանկաբաշխությունը փակվի, դա ուղղակի ծիծաղելի է», - նշել է Դավլետյարովը: Նրա խոսքով, մրցանակաբաշխության փակման հարցը նույնիսկ չի քննարկվել:

«Մուզ-TV 2012» մրցանակաբաշխության արարողության նախօրեին հայտնի էր դարձել, որ աշխատանքից հեռացվել է նրա մշտական վարող Քսենյա Սոբչակը: Վերջինս հայտնել էր, որ այդ մրցանակաբաշխությունից իրեն հանել են «վերեւից` քաղաքական որոշմամբ»: Ի նշան համերաշխության արարողությանը մասնակցելուց հրաժարվել էր նաեւ Անդրեյ Մալախովը: Տնօրենի խոսքով, վարողի հարցը առայժմ լուծված չէ:

«Վարողին մենք կընտրենք, կարծում եմ, նոր տարուն մոտ: Սոբչակը եւ Մալախովն արդեն անցյալում են, իսկ վարող դառնալու ցանկություն շատերն են հայտնել»,-ասել է Դավլետյարովը: