Ռուսաստանյան ԱՄԵԴԻԱ ընկերությունը ստացել է հավատարմագրում  «Ամերիկայի սցենարիստների գիլդիայում» (Writers Guild of America):

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ԱՄԵԴԻԱ-ի լրատվական ծառայությունից, ընկերությունը դարձել է  առաջին ռուսական կազմակերպությունը, որը հավատարմագրում է ստացել հեղինակավոր կազմակերպությունում:

Նշենք, որ «Ամերիկայի սցենարիստների գիլդիան» (Writers Guild of America) կինոյում, հեռուստատեսությունում, թատրոնում եւ գովազդում աշխատող գրողների պրոֆեսիոնալ միություն է: Միությունում ընդղգրկված են  եվրոպական եւ ամերիկյան  խոշորագույն  կինոարտադրողներ:

ԱՄԵԴԻԱ կինոընկերությունը հիմնվել է 2002 թ. Ալեքսանդր Հակոբովի կողմից։ 2005 թ. ԱՄԵԴԻԱ-ի գլխավոր գործընկեր է դարձել ամերիկացի ֆինանսիստ Լեոնարդ Բլավատնիկը: Այսօրվա դրությամբ ԱՄԵԴԻԱ-ն հանդիսանում է Ռուսաստանի հեռուստաֆիլմերի, սերիալների եւ ծրագրերի խոշորագույն արտադրողներից մեկը: Յուրաքանչյուր տարի ընկերությունը արտադրում է 500 մինչեւ 800 ժամ տարբեր ժանրի կոնտենտ` դրամաներ, դետեկտիվներ, թրիլլերներ, ռոմանտիկ կոմեդիաներ:

ԱՄԵԴԻԱ ընկերությունների խմբին են պատկանում սեփական ստուդիայի լրիվ ցիկլի «ՄԵԴԻԱ ՍԻԹԻ» համալիրը 40 հազար քառ. մետր տարածքով 16 նկարահանման սրահներով: ԱՄԵԴԻԱ-ի առավելագույն հայտնի պրոեկտներից են`«Խեղճ Նաստյան», «Իմ հրաշալի դայակը», «Մի ծնվիր գեղեցիկ», «Ամուրիները», «Տատյանայի օրը», «Ընդհանուր թերապիա», «Մոնթեքրիստո», «Փակ դպրոց» սերիալները: