Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի ավագ դուստր Մարինան այսօր ներկայացել է Պալերմոյի դատախազություն:
Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով «Սիչիլիա» թերթը, նրան կանչել են սենատոր Մարչելո դել Ուտրիի դեմ ցուցմունքներ տալու համար: Դել Ուտրին մեղադրվում է Սիլվիո Բեռլուսկոնիից գումարներ շորթելու եւ նրան շանտաժի ենթարկելու մեջ:
Քննիչների պնդմամբ, վերջին 10 տարվա ընթացքում նախկին վարչապետը սենատորին վճարել է 40 մլն եվրո` լռության դիմաց, որպեսզի նա չհրապարակի Բեռլուսկոնիի իբր ունեցած կապերը սիցիլիական մաֆիայի հետ: Մարինան, ով ղեկավարում է ընտանեկան «Ֆինինվեստ» հոլդինգը եւ նրա մեջ մտնող «Մոնդադորի» հրատարակչությունը, պիտի պարզաբաներ 1,1 մլն եվրոյի երկու գործարք: Գումարը փոխանցվել էր դել Ուտրիին` նրա եւ իր հոր ընդհանուր հաշվից:
Դել Ուտրին` Բեռլուսկոնիի վաղեմի ընկերը, վաղուց է գտնվում Իտալիայի իրավապահների ուշադրության տակ: Նրա դեմ բազմաթիվ դատական վարույթներն ընթանում են ավելի քան 10 տարի:




























