Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն, այօսր` հուլիսի 25-ին, ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մոհամմադ Ռեիսիին: Շնորհավորելով հյուրին պաշտոնը ստանձնելու առթիվ, նախարարը նշել է, որ հայ-իրանական մշակութային հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, համոզմունք հայտնելով, որ հետագա համագործակցությունը կունենա իր արժանի շարունակությունը:
Զրույցի ընթացքում նախարարն անդրադարձել է երկու երկրներում իրականացրած համատեղ մշակութային ծրագրերին, մասնավորապես` գրական-թարգմանական նախագծերին, որոնք նպաստել են «Հայաստան-Իրան. գրական կամուրջների» ստեղծանը եւ ապահովել ամուր հարթակ գրողների փոխայցելությունների եւ գրական ծրագրերի իրականացման համար:
Առաջիկա ծրագրերի իրականացման համատեքստում նախարարն անդրադարձել է Մեղրիում 2011 թվականին անցկացրած Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ բարեկամության 20-ամյակին նվիրված հայ-իրանական բարեկամության օրերին եւ առաջարկել դեսպան Մոհամմադ Ռեիսիին ծրագիրը դարձնել շարունակական: Այնուհետեւ, կողմերը քննարկել են աշնանը Հայաստանում իրանցի հայտնի երգչուհի Փառի Զանգանեի բարեգործական համերգները կազմակերպելու հարցը:
Առաջիկա համատեղ ծրագրերի շրջանակներում Հասմիկ Պողոսյանը կարեւորել է հայ-իրանական համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, մասնավորապես, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ձեւաչափով, առաջարկելով իրանական կողմին մշակել համատեղ հայտեր ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտում: Օգտագործելով հայ-իրանական գրական կապերի հարուստ փորձը, նախարարն առաջարկել է այս տարի իրականացնել դրամատուրգիական ստեղծագործությունների թարգմանություններ: Իր կողմից դեսպանն առաջարկել է պարսկերենից թարգմանել Սաադիի ստեղծագործությունները' հայ ընթերցողին ներկայացնելու համար:
Հանդիպման վերջում դեսպան Մոհամմադ Ռեիսիին շնորհակալություն է հայտնել նախարար Հասմիկ Պողոսյանին ջերմ ընդունելության, հայ-իրանական մշակութային ձեռնարկներին մշտապես գործուն աջակցություն ցուցաբերելու եւ երկու երկրների միջեւ պատմականորեն ձեւավորված մշակութային հարաբերությունները պատշաճ մակարդակի վրա պահելու համար:




























