Սիրիայի քրդական բակչությունը, որը մինչեւ վերջերս անընդհատ բողոքում էր ազգային հողի վրա իրագործվող խտրականությունից, սկսել է հանդես գալ բացարձակապես նոր եւ բավական հզոր խաղացողի դերում` երկրում տիրող ճգնաժամի պայմաններում:
Գնալով ավելի են նկատվում քրդերի մտադրությունը`Սիրիայի հյուսիում ստեղծել իրենց երազանքի անկլավը: Այս մասին իր հոդվածում գրում է չինական Xinhua գործակալությունը:
Գործակալությունը նշում է, որ քրդերն արդեն սկսել են «իրենց երազանքին ուղղված զինված շարժումը»: Ավելին, նրանց անանուն ներկայացուցիչները վերջին ժամանակներս, իբր, հայտարարել են, որ վերահսկում են հյուսիս-արեւելյան Դերեքի մարզը, որի բնակչության զգալի մասը քրդեր են: Դերեքում ներկայացված են նաեւ հայերը, արաբները, ասորիները:
Սակայն, ըստ «Սինհուա»-ի, բոլոր այդ գործողություններում առկա է քաղաքական բաղադրիչը: Մասնավորապես, Սիրիայի քրդական «Յիկիտի» կուսակցության քաղբյուրոյի անդամն, իբր, հայտարարել է, որ շուտով Իրաքի Իբրիլ քաղաքում Սիրիայի ազգային քրդական խորհուրդը կքննարկի անկլավի կառավարման մեխանիզմները` իշխող ռեժիմի անկումից հետո:
Գործակալությունը հիշեցնում է, որ Սիրիայի գազի եւ նավթի հանքավայրերը կենտրոնացած են հենց երկրի հյուսիս-արեւելքում:
Կենսականորեն անհրաժեշտ այդ ռեսուրսների քրդերի կողմից հնարավոր վերահսկողությունը կդժվարացնի կամ նույնիսկ անհնար կդարձնի քաղաքական որոշումների կայացումը Դամասկոսի ցանկացած կառավարության համար:
Որոշ վերլուծաբաններ նշում են, որ ի տարբերություն ընդդիմության ներկայացուցիչների, քրդերի համար, ովքեր կազմում են Սիրիայի բնակչության 15 տոկոսը, կարեւոր են միայն ռազմական կառույցները, որոնք պետք է պաշտպանեն իրենց տարածքները:
Նրանք անտարբեր են դաշնային եւ պետական ինստիտուտների, կրոնական կան աշխարհիկ կառավարման մոդելի ընտրության հանդեպ:




























