Հայաստանը ցանկանում է Վրաստանի հայ համայնքը տեսնել որպես  ինքնատիպ կամուրջ, որը միավորում եւ ամրապնդում է երկու ժողովուրդների բարեկամությունը: Այդ մասին News.ge-ի հետ հարցազրույցում հայտարարել է Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհանես Մանուկյանը: 

Ըստ դեսպանի` դրա համար համայնքը պետք է  առավելագույնս ինտեգրվի վրաց հասարակությանը, լավ տիրապետի վրացերենին,  օգտակար լինի հայրենիքին տարբեր բնագավառներում: Անհրաժեշտ են նաեւ օրենքներ, որոնք կապահովեն ազգային փոքրամասնությունների իրավունքները եւ այդ օրենքների կիրառումը:

«Կարեւոր է, որ ազգային փոքրամասնությունների կողմից բարձրացվող հարցերը երկրի  բնակչության կողմից  սխալմամբ չընկալվեին  որպես հակավրացական միայն այն պատճառով, որ այն բարձրացնում են ազգությամբ ոչ վրացիները:  Նման հարցերը պետք է լուծվեն փոխադարձ շահերը հաշվի առնելով եւ հայրենիքի օգտին ծառայելու հիմունքով:  Չէ որ ժողովրդավարական համակարգի իմաստն այն է, որ տարբեր շահերն իրենց փոխազդեցության հետեւանքով հասարակական եւ քաղաքական գործընթացներն ուղորդեն համընդհանուր պետական  շահին», - նշել է դեսպանը:

Պատասխանելով հիմնականում հայերով բնակեցված Սամցխե-Ջավախքում անջատողականության վտանգի մասին հարցին` դեսպանը վստահեցրել է, որ ոչ մի իրական վտանգ չկա:

«Կարող եմ վստահեցնել, որ այնտեղ անջատողական ոչ մի տրամադրություն չկա եւ կարծում եմ, որ երբեք չի եղել: Իհարկե, խոսքի ազատության պայմաններում կարելի է լսել նաեւ այնպիսի հայտարարություններ, որոնք կարելի է համապատասխանեցնել անջատողական նկրտումների: Սակայն նման տիպի մտքեր ունեցող մարդկանց թիկունքում որեւէ քաղաքական կամ հասարակական ուժ չկա, եւ նրանք  երբեք չեն ստանա պաշտոնական Երեւանի աջակցությունը, որը շահագրգռված է, որպեսզի տարածաշրջանում եւ Վրաստանում խաղաղություն լինի:

Բայց, կրկնում եմ, որ Սամցխե-Ջավախքում ծայրահեղական տրամադրությունների բացակայության երաշխիքը նրանում է, որ տեղի բնակչությունը դա չի ցանկանում: Եւ, պետք է հավելեմ, որ ինչքան շատ պաշտպանվածլինեն նրանց իրավունքները, բարելավվի տարածաշրջանի սոցիալ-տնտեսական դրությունը, ինչի ուղղությամբ վրացական իշխանությունները մշտական եւ նպատակային ջանքեր են գործադրում, այնքան ինչ-որ մեկի կողմից ջրերը պղտորելու հավանականությունը քիչ կլինի», - նշել է Հ. Մանուկյանը: