Միացյալ Կովկասի գաղափարը, հաշվի առնելով տարածաշրջանային ներկա իրականությունը, թվում է դժվար, բայց այն նպատակ է, որին պետք է ձգտել, այդ դեպքում այն կարող է իրականանալ: Այդ մասին News.ge-ի հետ հարցազրույցում հայտարարել է Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը` պատասխանելով հարցին` արդյոք Միացյալ Կովկասի գաղափարը ուտոպիա է, թե` իրականություն:

«Միացյալ Կովկասի գաղափարի իրականացումը ես կապում եմ այն ժամանակի հետ, երբ այսօրվա հակամարտությունները քաղաքական կարգավորում կստանան կամ, նվազագույն դեպքում, չլուծված հակամարտությունները չեն խոչընդոտի տարածաշրջանի երկրների միջեւ փոխշահավետ տնտեսական համագործակցությանը», - ասել է նա:

Խոսելով տարածաշրջանի անվտանգության հեռանկարների մասին` դեսպանը նշել է, որ եթե տարածաշրջանը դիտարկվի լայն մասշտաբով, ապա հարավկովկասյան երեք պետություններին, Իրանին եւ Թուրքիային պետք է հավելել նաեւ Ռուսաստանը, որը եւս այդ շրջանակում տարածաշրջանային գերտերություն է:

«Իսկ դա նշանակում է, որ տարածաշրջանի անվտանգությունը չի կարող կառուցվել առանց ռուսական գործոնը հաշվի առնելու: Այդ պատճառով տարածաշրջանի անվտանգության այնպիսի կոնստրուկցիա է անհրաժեշտ, որի իրականացմանը կմասնակցեն վերոնշյալ բոլոր պետությունները: Իսկ սկսել, ակնհայտորեն, պետք է կոնֆլիկտային իրավիճակները ռազմական ճանապարհով լուծելուց հրաժարվելով: Եթե տարածաշրջանի բոլոր պետությունները նման պարտավորություն ստանձնեն, դա լավ հիմք կծառայի տարածաշրջանային անվտանգության կառուցման համար», - նշել է նա:

Անդրադառնալով վրաց-ռուսական համակարտությունում Հայաստանի հնարավոր դերին` Հովհաննես Մանուկյանը նշել է, թե հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը բավական լավ  հարաբերություններ ունի երկու պետությունների հետ, նա կարող է միջնորդի դեր ստանձնել:

«Սակայն կարծում եմ,ո ր այդքան բարդ եւ միաժամանակ նուրբ հարցում Հայաստանի միջնորդական դերն ստանձնելու հախաձեռնությունը հայկական կողմինը չպետք է լինի», -նշել է նա:

Խոսելով Հայաստանի եւ Վրաստանի ապագայի մասին` դեսպանը նշել է, որ այդ ապագան տեսնում է եվրոպական ժողովուրդների միասնական ընտանիքում` քաղաքական եւ իրավական համապատասխան համակարգով, քաղաքական հասուն կայունությամբ, մշակույթով, մարդու իրավունքների պաշտպանությամբ, նաեւ` տնտեսական զարգացմամբ եւ կենսամակարդակի զարգացմամբ:
«Սակայն այդ սպասումները կարող են իրականանալ միայն այն դեպքում, եթե մենք ինքներս կարողանանք Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ապահովել», - նշել է նա: