Ղարաբաղյան հակամարտություն հարցում Վրաստանի չեզոքությունն, այսօրվա դրությամբ, առավել արդյունավետ դիրքորոշումն է, որը կարող է նպաստել խնդրի խաղաղ կարգավորմանը: Նման տեսակետ News.ge-ի հետ հարցազրույցում հայտնել է Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը` պատասխանելով հարցին, թե ինչ դեր ունի Վրաստանը տվյալ հակամարտության կարգավորման գործում:
Նա հիշեցրել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ստեղծվել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի շրջանակում կատարվում է բանակցային գործընթացը:
«Հայաստանը համոզված է այդ ձեւաչափի ակտուալության հարցում եւ իր կողմից քաղաքական ջանքեր է գործադրում դրա շրջանակում հաջողության հասնելու համար», - նշել է դեսպանը:
«Ցավոք, վերջին ժամանակներս Ադրբեջանի կողմից հրադադարը խախտելու դեպքերն ավելացել են, ինչը կողմերի շփման գծում մարդկային մեծաթիվ զոհերի է հանգեցրել:
Տարեսկզբից սկսած ադրբեջանական կողմի կրակոցներից 10 զինծառայող է զոհվել, 19 մարդ վիրավորվել է, նրանցից երկուսը` քաղաքացիական անձինք: Հայաստանն այդ սադրանքներն անպատասխան չի թողնում: Ադրբեջանի զոհերի թիվը գերազանցում է հայկական կողմին, բայց մեր դաժան արձագանքը հարկադրված է եւ հակամարտության սրացում թույլ չտալուն է ուղղված:
Հատուկենտ կրակոցներին հայկական կողմը չի պատասխանում: Ադրբեջանի մարտավարությունը ցույց է տալիս, որ այդ երկիրը չի ցանկանում հետեւել հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքին: Ինչ վերաբերում է Վրաստանին, տվյալ հակամարտության նկատմամբ չեզոքությունը, այսօրվա դրությամբ, առավել արդյունավետ դիրքորոշումն է, որը կարող է նպաստել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը», - նշել է դեսպանը:




























