Հայկական կողմը պատրաստ է շփման գծից դիպուկահարների հետքաշմանը, ողջունում է այդ նախաձեռնությունը եւ համաձայն է դրան, բայց դա չպետք է լինի միակողմանի: Այս մասին հայտարարել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչ, գնդապետ Անդրանիկ Մկրտումյանը` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի անձնական օգնականներ Անթալ Հերդիչի եւ Իրժի Աբերլեի հետ հանդիպման ժամանակ, հուլիսի 25-ին, Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում ԵԱՀԿ հերթական դիտարկումից հետո (ֆոտոռեպորտաժ):

«Խաղաղ բնակիչների վրա կրակոցները Ժնեւի կոնվենցիայի կոպտագույն խախտում են, խաղաղ բնակիչների վրա նպատակային կրակոցները հավասար են սպանության»,-ընդգծել է Մկրտումյանն` անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հայ խաղաղ բնակիչների եւ տրանսպորտային միջոցների ուղղությամբ հաճախակիացած կրակոցներին:

Ինչ վերաբերում է սադրանքների շարքին, որոնք իրականացրել է ադրբեջանական կողմը նախորդ ամսվա ընթացքում, նա նշել է, որ նախորդ դիտարկման ժամանակ հայկական կողմը հայտարարել է, որ իրենք ստիպված են եղել համապատասխան գործողությունների դիմել, որից հետո ադրբեջանական կողմը, վերջապես, հանդարտվել է: «Դրա համար կրկին խնդրում եմ հասցնել ադրբեջանական կողմին, որ մեր համբերությունը սահմանափակ է: Հայ զինվորը պահպանում է Ժնեւի կոնվենցիան, բայց մեր համբերությունը կարող է հատել, նրանք դա մեկ ամիս առաջ զգացել են դա»,- ընդգծել է Մկրտումյանը:

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ներկայացուցիչը հիշեցրել է, որ հայկական կողմը առաջին տարին չէ, որ առաջարկում է դիտարկումների ժամանակ ուղիղ հանդիպումներ կազմակերպել հրամանատարության ներկայացուցիչների, իսկ հետագայում նաեւ տեղի համայնքների ներկայացուցիչների միջեւ:

«Ես վստահ եմ, որ դա շատ դրականորեն կազդի հրադադարի պահպանման վրա: Բացի այդ, մենք ունենք տվյալներ, որ սահմանամերձ ադրբեջանական գյուղերի բնակիչները փայտերով հարձակվել են հարեւան դիտակետերի իրենց զինվորների վրա, ովքեր կրակ էին բացում մեր գյուղերի ուղղությամբ: Դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանի խաղաղ բնակչությունը չի ողջունում Հայաստանի խաղաղ բնակիչների ուղղությամբ կրակոցները»,-ամփոփել է Մկրտումյանը: