Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչների դեմ խոշոր տրամաչափի զենք են կիրառում: Այդ մասին ասել է հայկական բանակի Կորպուսի հրամանատարի տեղակալ գնդապետ Արթուր Սարգսյանը` ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի դաշտային օգնականներ Անտալի Խերդիչի եւ Իրժի Աբերլեի հետ հանդիպման ժամանակ, որը կայացել է հուլիսի 25-ին Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈԻ շփման գծում հրադադարի ռեժիմի դիտարկումից հետո:
Նրա խոսքով` վերջին երեք ամսում սահմանամերձ Այգեպար, Մովսես եւ Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի ուղղությամբ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 278 անգամ: «Կրակոցների 80 տոկոսն իրականացվում է խոշոր տրամաչափի զենքից: Կրակում են խաղաղ բնակչության, զինծառայողների եւ տեխնիկայի վրա: Գյուղացիները երթեւեկում են երկու գյուղը միացնող ճանապարհով` վտանգելով իրենց կյանքը»,- ասել է Սարգսյանը:
Նա նաեւ նշել է, որ կրակոցների միջեւ հրադադարի ժամանակ դիտորդների մոտ թյուր տպավորություն է ստեղծվում, որ ամեն ինչ կարգին է եւ հանգիստ. «Բայց դա այդպես չէ: Պարզապես մեր համաքաղաքացիները խիզախ մարդիկ են, եւ մշտական կրակոցների պարագայում մտադիր չեն լքել հարազատ գյուղը»:
Հիշեցնելով, որ վերջին շրջանում հակառակորդի կրակոցներից վիրավորվել է երկու խաղաղ քաղաքացի` Սահակյանն ընդգծել է, որ Հայաստանի զինված ուժերը չեն կրակում Ադրբեջանի խախաղ բնակչության եւ քաղաքացիական մեքենաների ուղղությամբ: «Եւ մենք պահանջում ենք, որ ադրբեջանական կողմը պահպանի հրադադարի ռեժիմը»,- եզրափակել է ՊՆ ներկայացուցիչը:




























