Հուլիսի 26-ին այցով Ուկրաինա մեկնած Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին դիմավորել է FEMEN-ի ակտիվիստուհին:

Նա Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդին սպասում էր ինքնաթիռի սանդուղքի մոտ, որով պատրիարքը ժամանել է ուկրաինական «Բորիսպոլ» օդանավակայան: 

Երբ պատրիարքն իջել է ինքնաթիռից, մինչեւ գոտկատեղը մերկ ակտիվիստուհին վազել է նրա մոտ եւ սկսել բղավել` «Չքվիր, չքվիր»: Նրան ձերբակալել են ոստիկանները:

«Ուկրաինսկիե նովոստիի» տվյալներով, ակտիվիստուհու մարմնին «Kill Kirill» մակագրություն է եղել: Պատրիարքը ոչ մի կերպ չի արձագանքել այս միջադեպին:

Եկեղեցու առաջնորդը մտադիր է Կիեւում ավանդական պատարագ մատուցել` նվիրված Ռուսաստանում քրիստոնեության հաստատման 1024-ամյակին:  Կիեւ այցի ընթացքում պատրիարքը կբնակվի Կիեւ-Պեչորյան մայրավանքի տեղապահ Պավելի նստավայրում, գրում է lenta.ru-ն:

Ամենազանգվածային պատարագը տեղի կունենա Վլադիմիրսկայա բլրի վրա, որին կմասնակցեն աշխարհի տեղի 15 ուղղափառ եկեղեցիներից 13-ի ներկայացուցիչներ` Պոլսո, Ալեքսանդրյան, Երուսաղեմյան, Անտիոքյան, Վրացական եւ այլն:

Հուլիսի 28-ին Կիեւ-Պեչորյան մայրավանքում Ռուս եւ Ուկրաինական ուղղափառ եկեղեցիների առաջնորդների մասնակցությամբ պատարագ կմատուցվի: