NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է  «The Armenian Mirror-Spectator»-ում հրապարկված Էդմոնդ Ազատյանի հոդվածը.

Ղարաբաղը շարժվում է ժողովրդավարության եւ ինքնորոշման ճանպարհով` դա ընդունում է, թե ոչ միջազգային հանրությունը: Վերջինս այլ օրակարգ ունի, որը, իհարկե, չի ներառում ծուղակում գտնվող այդ անկլավի ժողովրդի բարեկեցությունն ու անվտանգությունը: Հենց այդ բնակչությունը պետք է որոշի իր ապագան եւ երաշխավորի իր իրավունքն ու բարօրությունը:

Բանակցությունները շարունակվում են արդեն երկու տասնամյակ, սակայն Ղարաբաղի ժողովուրդը չպետք է սպասի դրանց արդյունքներին` իր առաջնորդներին ընտրելու եւ ենթակառուցվածքները զարգացնելու համար:

Բացի այդ, երբ կգա բանակցային գործընթացին Ղարաբաղի մասնակցության ժամանակը, անշուշտ, այդ ընտրված ներկայացուցիչները կհրավիրվեն մասնակցելու այդ բանակցություններին Ղարաբաղի ժողովրդի անունից:

Հուլիսի 19-ին Ղարաբաղի ժողովուրդն ընտրեց իր նախագահին ժողովրդավարական ընտրությունենրի միջոցով: Տասնյակ միջազգային դիտորդներ  ընտրությունները որակեցին ազատ եւ արդար` չնայած որոշ խախտումներին, որոնք  չէին կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա:

ԱՄՆ որոշ կոնգրեսականներ, այդ թվում` Հովարդ Բերմանը, Ադամ Շիֆը, Ֆրենկ Փալոնեն եւ Էդ Ռոյսը ողջունեցին ընտրական գործընթացն ու դրա արդյունքները: «Ղարաբաղում ընտրական գործընթացը գործում է: Քվերակությունն ապացուցեց, որ ժողովրդավարությունն այնտեղ ակտիվ է»,-նշել էր Ռոյսը:

Ղարաբաղի ժողովուրդն իրեն ճնշողներին հաղթել էր իրեն պարտադրված պատերազմում: Նա պահպանում է  իր զգոնությունը  եւ մարտունակությունը ցանկացած հնարավոր վտանգի դեպքում, եւ միաժամանակ ժողովրդավարական հասարակություն է ստեղծում, որը երբեք գոյություն չէր կարող ունենալ ադրբեջանական կառավարման ներքո:

Ղարաբաղի ժողովուրդը իր կամքը հայտնեց վերջին նախագահական ընտրությունների միջոցով եւ միաձայն գնում է ժողովրդավարություն կողմը: