Հայաստանում բնակչության 50-60 տոկոսը տառապում է ճարպակալմամբ, իսկ ամենաբարձր ճարպակալումը նկատվում է 40 տարեկանից մեծ կանանց մոտ: Այս մասին, այսօր` հուլիսի 26-ին, մամուլի ասուլիսում ասել է ՀՀ առողջապահության նախարարության կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի բժիշկ սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը, հավելելով, որ երեխաների մոտ, դժբախտաբար, եւս բարձր ճարպակալում է սկսվել:
Նրա խոսքով, քաշի արագ իջեցման ոչ մի ձեւ երկարատեւ արդյունք չի տալիս: «Երկու շաբաթ ձմերուկ ուտելով կտրուկ նիհարում ենք եւ նախկին սննդակարգին վերադառնալով նույնկերպ քաշն ավելանում է: Որքան տարիքն ավելանում է, այնքան նվազում է քաշի իջեցման հնարավորությունը: Երբ օրգանիզմը ակորդեոնի պես բարձրանում իջնում է` բարձրանալ-իջնելու մասը դժվարանում է: Օրգանիզմը մտածում է, որ այս երկրում լավ չէ վիճակը ինձ նորմալ հաց չեն տալիս եւ սկսում է իր էներգիան պահել: Օրգանիզմն ունի իր տեսակը պահպանելու բնազդ եւ իր էներգիան պահում է ճարպի մեջ: Ճարպը էներգիայի պահպանման ձեւն է»,- նշեց մասնագետը:
Նրա խոսքով, այն աղջիկները ովքեր դժգոհում են, թե երեք օր է բան չեմ ուտում ու չեմ նիհարում, իրականում ճիշտ են ասում: Հետեւաբար նա խորհուրդ տվեց նիհարելուց առաջ դիմել մասնագետներին:
Վարդանուշ Պետրոսյանը նշեց, որ ցանկացած օրգանիզմ յուրօրինակ է: Նախ բժիշկը որոշում է ավելորդ քաշ կա, թե` ոչ եւ եթե ավելորդ քաշն առկա է, հատուկ սննդակարգ է նշանակում, իսկ եթե դա չի օգնում, հատուկ դեղ է առաջարկում, որից աշխարհում մեկ հատ է: Իսկ եթե դա էլ չի օգնում, նոր խորհուրդ են տալիս դիմել վիրահատական օգնության: Ի դեպ, նա նաեւ նշեց, որ պաղպաղակի միակ դրական կողմը զովացնող հանգամանքն է, սակայն իր մեջ հսկայական կալորիականություն է պարունակում, որը քաշի ավելացում է առաջացնում:



























