Իրանում սեփական արտադրության յոթ դեղամիջոցներ այս տարվա օգոստոսի վերջին վաճառքի կհանվեն: Այդ մասին հաղորդել է երկրի առողջապահության նախարար Մարցիհ Վահիդ Դասթժերդին:
Խոսքը ծանր, այդ թվում` ուռուցքաբանական հիվանդությունների բուժման համար նախատեսված դեղամիջոցների մասին է:
Իրանական դեղամիջոցները, որոնք պետք է շուտով թողարկվեն, կկիրառվեն կրծքի քաղցկեղի, օսթեոպորոզի, հեմոֆիլիայի, ինչպես նաեւ մի շարք նյարդային, մաշկային եւ այն հիվանդությունների բուժման համար, որոնք ախտահարում են մարդու մկանները, հայտնում է «Կուրսորը»` հղում անելով իրանական Fars գործակալությունը:
2011 թվականին իրանցի գիտնականներին հաջողվել է ստեղծել հակաքաղցկեղային դեղամիջոցների նոր տեսակ, որոնց բաղադրությունում ընդգրկվել է օձի եւ կարիճի թույն:
Նախորդ տարվա սեպտեմբերին Իրանի առողջապահության նախարարությունը նաեւ հայտարարել էր այն մասին, որ երկիրը կզարգացնի իր ներուժը բժշկական եւ դեղագործական ոլորտում: Այդ ժամանակ էլ հայտարարվել էր նոր տեխնոլոգիաների օգնությամբ հակաքաղցկեղային 15 տեսակի նոր դեղամիջոցների ստեղծման մասին:




























