Հայաստանում 251 կազմակերպություն զբաղվում է սեղմված գազի վաճառքով, առկա են 310 ԱԳԼՃԿ-ներ (ավտոգազալիցքավորման ճնշակայան): ՀՀ կառավարությունը դեռ 2008 թ. ընդունեց որոշում այն մասին, որ բոլոր ԱԳԼՃԿ-ներում պետք է տեղադրվեն բաշխիչ աշտարակներ` սպառողների իրավունքների պաշտպանությունն ապահովելու եւ անվտանգության նկատառումներով: Սակայն բաշխիչ աշտարակների տեղադրման գործընթացն այնքան էլ հեշտ չի ընթանում:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության պետ Լեւոն Խալիկյանը NEWS.am-ին հայտնեց, որ ներկայում արդեն 187 կազմակերպություններ տեղադրել են բաշխիչ աշտարակներ: Եւս 60-ը կնքել են պայմանագիր արտադրող եւ տեղադրող կազմակերպության հետ: Առայժմ միայն 38 կազմակերպություններ չեն տեղադրել բաշխիչ աշտարակներ ու չունեն համապատասխան պայմանագիր: Ըստ Լ. Խալիկյանի` այդ ԱԳԼՃԿ-երի մեծ մասը Երեւանում են, մարզերում գործընթացը լավ է ընթանում:
Լ. Խալիկյանը նաեւ տեղեկացրեց, որ 3 հայկական տեղական արտադրողներ զբաղվում են բաշխիչ աշտարակների արտադրությամբ եւ տեղադրմամբ, թեեւ տնտեսվարողներն ազատ են ընտրություն կատարելու տեղականի եւ ներմուծվածի միջեւ: Տեղական արտադրության բաշխիչ աշտարակներն արժեն 7-10 հազ. դոլար:
Նշենք, որ ըստ ՀՀ կառավարության 2008 թ. որոշման, լիցքավորման բաշխիչ աշտարակը ավտոգազավառելիքի կարգավորվող լիցքավորման համար է, այն չափում է մեքենաներ լիցքավորվող գազի իրական զանգվածը կամ ծավալը, ճնշումը, ջերմաստիճանը և խտությունը, հաշվարկում է լիցքավորված գազի արժեքը: Վահանակի վրա պետք է արտացոլվի չափման միավորի արժեքը (զանգված կամ ծավալ, կգ կամ մ3), լիցքավորված գազի քանակը (զանգված կամ ծավալ, կգ կամ մ3) և արժեքը: Լիցքավորումը ղեկավարվում է օպերատորի կողմից` համակարգչի միջոցով:


























