ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգում Գլենդելի հայկական մասնավոր դպրոցը 2010 թվականին խախտումներով է փակվել` դպրոցում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ կեղծ ցուցմունքների հիման վրա: Նման եզրակացության է եկել Լոս Անջելեսի շրջանի առաջին ատյանի դատարանը, հաղորդում է «Glendale News-Press»-ը:

Դատարանի նախորդ շաբաթ հրապարակված դատավճռում, դատավոր Դեւիդ Միլթոնը նշել է, որ քաղաքային իշխանություններն օգտագործել են «չափազանցված վճարումները, դպրոցի շենքը դեղին ներկելը եւ այլ միջոցառումները» որպես «առիթ` դպրոցը փակելու անօրինական նպատակին հասնելու համար»:

Միլթոնը դպրոցի համար նշանակել է վնասի փոխհատուցում` 135 հազար դոլարի չափով:

Դատավոր Միլթոնը հայտարարել է, որ տեսուչի որոշումը` դպրոցի շենքը դեղին ներկելու վերաբերյալ, որն այն ժամանակավորապես անպետք է դարձնում, «որեւէ ապացույցով հիմնավորված չէ»:

«Մեր հաճախորդը ամբողջությամբ արդարացվել է: Դատարանի որոշումը ցույց տվեց, որ քաղաքի իշխանությունների քայլը վրդովվեցուցիչ, անազնիվ է եղել, որը հասել է բարձր մակարդակի»,-ասել է դպրոցի փաստաբան Ռիչարդ Ֆոսթերը:

Ֆոսթերը նաեւ հավելել է, որ դպրոցը նախատեսում է դիմել դատարան, որպեսզի քաղաքի իշխանություններից պահանջի փակել իր փաստաբանի հոնորարի ծախսերը: