2010 թվականին ԱՄՆ-ում ձերբակալված «ռուսական լրտեսներից» ոմանք կարող էին երեխաներին պատրաստել որպես գաղտնի գործակալներ` Մոսկվայի օգտին հետագա աշխատանքի համար: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:

2010 թվականին բացահայտված խմբավորման մեջ բացի հանրահայտ Աննա Չապմանից ընդգրկված էին նաեւ մի քանի ամուսնական զույգեր, որոնք մեծացնում էին մինչեւ 20 տարեկան 7 երեխաներ: Հիմնականում դրանք որդեգրված երեխաներ էին, որոնց մեծ մասը ծնվել էր ԱՄՆ-ում: Միայն մի գործակալի որդին էր սեփական եւ ծնվել էր դեռ մինչեւ աշխատանքի անցնելը, նշում է հրատարակությունը: Վաշինգթոնի եւ Նյու Յորքի իրազեկ աղբյուրներին հղում անելով` թերթը հաստատում է, որ 20-ամյա Թիմ Ֆոլին, ծնողներից իմանալով նրանց առաքելության մասին, իբր համաձայնեել էր մեկնել Ռուսաստան, որպեսզի լրտեսության դասընթացներ անցներ:

Ֆոլիի հոր` Դոնալդ Հիթֆիլդի (Անդրեյ Բեզրուկով) փաստաբան Փիթեր Քրուփը WSJ-ի հրապարակումը որակել է որպես «անհեթեթություն»: Իրավաբանը կարծում է, որ գործակալների համար վտանգավոր կլիներ որդուն տեղեկացնել առաքելության մանրամասներին, գրում է  BFM.RU-ն:

WSJ բարձրաստիճան  զրուցակիցները  կարծում են, որ գործակալները երկարաժամկետ գործողության էին մասնակցում: 
Ծնողների ձերբակալությունից եւ Ռուսաստան արտաքսվելուց հետո երեխաներից մի քանիսը մնացել են ԱՄՆ-ում, մյուսներն էլ գնացել են ընտանիքի հետեւից: Օրինակ, Խուան Լազարոյի որդուն թույլատրվել է մնալ ԱՄՆ-ում, քանի որ Վաշինգթոնը կարծում է, որ նա ազգային անվտանգության համար վտանգ չի ներկայացնում: