Ռուսաստանը չի ստացել իրազեկում այն մասին, որ Արաբական երկրների լիգան նախատեսում է դիմել ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեա` Սիրիայում մարդասիրական միջանցքներ ստեղծելու համար: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նաեւ կարծիք է հայտնել, որ քանի դեռ Սիրիայում շարունակվում է աջակցությունը ահաբեկիչներին, մարդասիրական ակցիաների մասին խոսք լինել չի կարող:

«Մենք այնպիսի առաջարկ ենք անում, որը թույլ կտա անմիջապես դադարեցնել բռնությունը: Մյուս կողմն ասում է. կամ ռեժիմի հանձնում, կամ մենք կշարունակենք աջակցությունն ընդդիմության զինված պայքարին` բոլոր հնարավոր ճանապարհներով, այդ թվում նաեւ նյութապես, արդարացնելով ահաբեկչական գործողությունները:  Քանի դեռ առաջկցությունը շարունակվելու է, ի՞նչ մարդասիրական ակցիաների մասին կարելի է խոսել, ընդ որում, նրանց նախաձեռնությամբ, ով թույլ չի տալիս այդ հրդեհը մարել»,- ասել է Լավրովը, հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:

Միաժամանակ Լավրովը հայտարարել է, որ հույս է կապում Սիրիայում դիտորդական առաքելության նոր երկարացման եւ դրա ընդլայնման հետ: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է այնտեղ ուղարկել 30 դիտորդ: