Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստովանել է, որ Մինսկում «փափուկ» դեսանտը հայտնաբերվել է, եւ խոստացել է պատժել այն թույլատրած զինվորականներին:
Հիշեցնենք, որ 2012 թվականի հուլիսի 4-ին ինքնաթիռը Բելառուսի տարածքում իրականացրել էր փափուկ խաղալիքների վայրէջք, որոնք կոչ էին անում պահպանել մարդու իրավունքները եւ խոսքի ազատությունը: Տեսագրությունը հայտնվել էր համացանցում, սակայն երկար ժամանակ տեղի իշխանությունները հերքում էին ակցիայի իրականացումը:
«Ինչո՞ւ ղեկավարները չեն արգելել այդ թռիչքը: Ո՞ւմ էին խղճում: Ես կուզեի ստանալ այդ հարցերի պատասխանները», - հայտարարել է պետության ղեկավարը: Ա. Լուկաշենկոն ինքն իրեն մինչեւ հուլիսի 30-ը որոշում կայացնելու ժամկետ է տվել, հայտնում է rbc-ն:
Փափուկ դեսանտը կազմակերպել էր շվեդական գովազդային Studio Total ընկերության ղեկավար Պեր Կրոմվելը:
Մինսկում սկանդալային ակցիայի մասին լուրի տարածման համար ձերբակալվել էին 3 մարդ, այդ թվում 20-ամյա լրագրող Անտոն Սուրյապինը, որը լուսանկարներ էր հրապարակել իր կայքում, եւ նրա օգնական 16-ամյա Եկատերինա Սկուրատը: Ինչպես հայտնել են տեղական լրատվամիջոցները, բոլորին սպառնում է մինչեւ 7 տարվա ազատազրկում` սահմանն ապօրինի հատելուն աջակցելու համար:



























