Մոսկվայի Բասմանի դատարանն, այսօր` հուլիսի 26-ին, հրաժարվել է քննությանը պարտադրել վերադարձնել հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակի գումարները, որոնք առգրավվել էին հունիսին նրա տան խուզարկության ժամանակ:
Այսպիսով, դատարանը մերժել է Սոբչակի բողոքը, որ «քննությունն առանց բացատրության չի վերադարձնում առգրավված եւ անօրինականորեն պահվող դրամական միջոցները»:
Սոբչակի պաշտպանը մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը, հաղորդում է «Ինտերֆաքսը»: «Էլ ի՞նչ է մնում անել, միայն գնալ Մոսկվայի քաղաքային դատարան, ես պետք է նայեմ այդ դատավորների աչքերին»,-լրագրողներին ասել է Սոբչակի պաշտպան Հենրի Ռեզնիկը:
Նրա կարծիքով, հեռուստահաղորդավարուհու տան խուզարկությունների նպատակն էր պարզել ընդդիմադիր Իլյա Յաշինի առնչությունը Բոլոտնայա հրապարակի անկարգություններին, այլ ոչ թե Քսենյա Սոբչակը: Սոբչակի պաշտպանությունը նաեւ կարծում է, որ հարկային ստուգումների համար եւս որեւէ հիմք չկա:
Իր հերթին, Ռուսաստանի Քննչական կոմիտեի ներկայացուցիչը հայտարարել է, որ երբ քննությունը պարզի, որ այդ գումարները նախատեսված չեն եղել զանգվածային անկարգությունների ֆինանսավորման եւ այլ ոչ իրավական գործողությունների համար, դրանք կվերադարձվեն:
Ինքը` Սոբչակը կարծում է, որ քննությունը պատրաստվում է իրեն մեղադրել Մոսկվայում, մայիսի 6-ին Բոլոտնայա հրապարակում անկարգությունների ֆինանսավորման մեջ: «Ըստ ամենայնի, հասկանալով, որ հարկային գործը փլվում է, պատրաստվում են «կարել» անկարգությունների ֆինանսավորման գործը»,- իր Twitter-ում գրել է Սոբչակը:




























