Տաջիկստանում վերջին իրադարձությունները հիշեցնում են Հյուսիսային Աֆրիկայում իրավիճակը «արաբական գարնան» ժամանակ:  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի քաղաքական կանխատեսման ռուսաստանյան կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը: Նրա խոսքով` Տաջիկստանում կատարվածի ետեւում ամերիկյան սադրանքն է:

«Խնդիրն այն է, որ այսօր ամերիկացիները Աֆղանստանից զորքերի դուրս բերման այլընտրանքային ուղիներ են փնտրում: Հնարավոր երկիր-միջանցքների շարքում  դիտարկում են Ղրղզստանն ու Տաջիկստանը»,-նշեց զրուցակիցը: Բացի այդ, ըստ Ցիգանոկի, այսօր Տաջիկստանում եւս որոշ չափով խաղադրույք են կատարում ԱՄՆ-ի վրա, քանի որ վերջին 3-4 տարվա ընթացքում ամերիկացիները տեխնիկական ու ֆինանսական աջակցություն են ցուցաբերում Դուշանբեին: «Ինչ արժե միայն ամերիկյան փողերով սահմանների վերականգնումը, արեւմտյան մասնագետների մասնակցությունը տաջիկ գործընկերների ուսուցմանն ու ինստրուկտաժին եւ այլն»,-ասաց փորձազգետը:

Զրուցակցի կարծիքով` այսօր Տաջիկստանը Ռուսաստանից «պոկելու» փորձ է արվում:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, հուլիսի 21-ի երեկոյան  Խորոգ քաղաքում մաքսանենգ խմբավորման կողմից սպանվել էր ազգայն անվտանգության գեներալ-մայոր Աբդուլո Նազարովը: