Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ընտրյալը նախկինում երգչուհի է եղել եւ հանդես է եկել պետական նվագախմբի հետ: Այդ մասին գրում է The Chosunilbo թերթը` վկայակոչելով կառավարության աղբյուրները:

Պարբերականի տվյալներով, Կիմ Չեն Ընը առաջին անգամ իր ապագա կնոջը` Լի Սոլ Յուին տեսել է 2010 թվականի դեկտեմբերի 31-ի Ամանորի գիշերը:

Հենց այդ ժամանակ, ըստ աղբյուրի, Կիմ Չեն Ընը սիրահարվել է Լիին: Աղբյուրը նաեւ նշել է, որ աղջկան 6 ամիս շարունակ Կիմ Իր Սենի անվան համալսարանում հատուկ պարապմունքներով պատրաստել են, որպեսզի նա դառնա առաջին տիկին, հաղորդում է Utro.ru-ն:

The Korea Times թերթը պնդում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդն իր ընտրյալ հետ հարաբերություններն օրինականացրել է դեռ 2009-ին, իսկ մեկ տարի անց նրանք որդի են ունեցել:

Լին 27 տարեկան է, բավական ապահովված ընտանիքից. Նրա հայրը պրոֆեսոր է, մայրը` մանկաբարձուհի: Լին բնական գիտություններ է ուսանել Կիմ Իր Սենի անվան համալսարանում: