Անօրինականորեն Սիրիա ներժուժելու դեպքում Ռուսաստանն ու Չինաստանը կարող են միջամտել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների Ինստիտուտի ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը: Նրա խոսքով, այդ երկրներից յուրքանչյուրն այդպես վարվելու իր պատճառներն ունի:

«Սիրիայում ապրում է Ռուսաստանի 60-65 հազար քաղաքացի: Դրանք հիմնականում կանայք են, ովքեր դեռեւս ԽՍՀՄ տարիներին ամուսնացել են սիրիացի սպաների հետ: Եթե հաշվի առնենք, որ յուրաքանչյուր սիրիական ընտանքում կա 4-5 երեխա, ապա դա զգալի թիվ է: Ռուսաստանն իրավունք ունի պաշտպանել իր քաղաքացիներին աշխարհի ցանկացած կետում»,-ասել է Ցիգանոկը:

Ինչ վերաբերում է Չինաստանին, փորձագետն ընդգծել է, որ Պեկինը Սիրիայում եւ Իրանում տեղի ունեցողին իր տեսանկյունից է նայում: «Չինաստանում կարծում են, որ Մերձավոր Արեւելքում ոչ թե միայն այդ տարածաշրջանի խնդիրն են են լուծում, այլեւ Ասիական Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի, որն ուղղակիորեն ներառված է Չինաստանի շահերի ոլորտում»,-ասել է նա:

Միաժամանակ Ցիգանոկը կարծում է, որ տեսանելի ապագայում Սիրիայում ռազմական գործողություն չի լինի: «Այստեղ կան մի շարք հարցեր, որոնք Արեւմուտքը պետք է լուծի, որպեսզի ռազմական գործողություններ սկսի Սիրիայում: Նախ, Ռուսաստանի եւ Չինաստանի դիրքորոշումը, որոնք անում են ամեն բան, որ նման սցենար տեղի չունենա, երկրորդը ռեսուրսների սահմանափակ լինելն է` ինչպես մարդկային, այնպես էլ տեխնիկական ու ֆինանսական»,-ասել է նա: