Ղազախստանում սահմանապահ ուղեկալում 14 ծառայակիցների սպանության մեջ կասկածվող Վլադիսլավ Չելախի փաստաբան Տուլեգան Բերլիկոժանովը ներկայացնելով իր պաշտպանյալի խոսքը, պատմել է մայիսի 30-ին «Արքանքերգեն» սահմանապահ ուղեկալում տեղի ունեցած միջադեպի մանրամասները:
Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Չելախը հրաժարվել է իր խոստովանական ցուցմունքներից: Նա հոգեբուժական փորձաքննություն է անցել, որի արդյունքները կհրապարակվեն օրերս: Նրա փաստաբանները ենթադրում են, որ Չելախին մեղսունակ կճանաչեն, քանի որ փորձաքննություններից հետո նրան տեղափոխել են մեկուսարան, ոչ թե` հիվանդանոց:
Չելախը չի սպանել սահմանապահներին, հայտնել է նրա պաշտպանը «Նովի վեստնիկ»-ին տված հարցազրույցում: Զինվորի խոսքով, ուղեկալի վրա դրսից են հարձակվել:
«Լսվել են կրակոցներ. Վլադը եղել է ուղեկալի տարածքում: Վազելով մոտեցել է շարքային Աղանասը եւ հայտնել, որ իրենց վրա հարձակվել են: Զինվորները փախել են տարբեր կողմեր: Վլադիսլավը անտառում ինչ-որ տեղ թաքնվել է, իսկ երբ վերադարձել է, այնտեղ արդեն դիակներ են եղել»,-ասել է նրա պաշտպանը:
Բացի այդ, Չելախը հայտարարություն է գրել, որ այսուհետ հրաժարվում է ցուցմունք տալուց, մինչեւ փաստաբանները եւ ինքն անձամբ չի ծանոթացել հոգեբուժական փորձաքննության արդյունքներին:


























