Տաջիկստանում այսօր ակտիվանում է քաղաքական իսլամը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց ռուսաստանցի հայտնի փորձագետ, իրանագետ Կարինե Գեւորգյանը՝ ավելացնելով, որ Տաջիկստանում ընթացող գործընթացները անհնար է առանձին դիտարկել Թաթարստանում տեղի ունեցող իրադարձություններից։
«Այսօր Տաջիկստանում անկայունության առաջացման իրական վտանգ կա»,-նշեց Գեւորգյանը՝ ընդգծելով, որ «քաղաքական իսլամը» գրեթե կապ չունի մահմեդական կրոնի հետ։ Ըստ նրա՝ դա քաղաքական ուղղություն է, որը հիմնվում է իսլամի առանձին մեկնությունների վրա եւ շահադիտական նպատակներ ունի։
Գեւորգյանի կարծիքով՝ թեւ Տաջիկստանում իրադարձությունները հիշեցնում են «արաբական գարունը», սակայն այսօր այդ երկրում հեղափոխության վտանգ չկա, բայց հնարավոր է քաղաքացիական պատերազմ սկսվել։ «Չէ որ Տաջիկստանն արդեն անցել է դրա միջով։ թեեւ կենտրոնական իշխանության երկարակեցության հանգամանքը մասնակի մեղմեց կլանային հակամարտությունը, բայց այնուամենայնիվ վերջ չդրեց դրան։ Հենց այդ պատերազմն է այսօր ուժ հավաքում»,- նշեց փորձագետը։




























