Անդերս Բրեյվիկի կողմից իրականացված ահաբեկչության զոհերի ընտանիքները դիմել են դատարան` պահանջելով YouTube –ից հանել դատական լսումների ժամանակ Բրեյվիկի վերջին խոսքի աուդիոձայնագրությունը:

Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, ավելի վաղ դատարանն արգելել էր տարածել ահաբեկչի այդ ելույթի տեսա  եւ աուդիոձայնագրությունը  եւ թույլատրել էր միայն տպագրել նրա խոսքը:

Չորս մասից բաղկացած աուդիոձայնագրությունը տեղադրել է գերմանացի opluchting նիկով օգտատերը: Նա այն ստացել է Նորվեգիայի պրոգրեսիվ կուսակցության նախկին անդամ Թորստեյն Վիդալից: Ի դեպ, այդ կուսակցության անդամ է եղել նաեւ Բրեյվիկը:

Բրեյվիկի խոսքը YouTube-ում հայտնվել է հուլիսի 19-ին: Այդ դեպքի կապակցությամբ ստուգումներ են իրականացվում:

Հիշեցնենք, որ իր ելույթում Բրեյվիկը մասնավորապես հայտարարել էր, թե ահաբեկչություններն անհրաժեշտ էին Նորվեգիան մուլտիկուլտուրալիզմից եւ մահմեդական ինտերվենցիայից պաշտպանելու համար: