Թերթը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի հետ.
Պարոն Մանոյան, ի՞նչ է այսօր կատարվում Սիրիայում: Կարելի՞ է ասել, որ առճակատումը վերածվում է քաղաքացիական պատերազմի:
Կարծում եմ, այո, արդեն քաղաքացիական պատերազմ է Սիրիայում: Բայց դժվար է նաեւ առաջացած իրավիճակին որեւէ հստակ բնութագիր տալ, քանի որ մինչեւ մեր հարցազրույցը հրապարակվի, իրավիճակը կարող է նկատելիորեն փոխվել:
Ցավոք, ոչ թե քաղաքացիական պատերազմը կդադարի, այլ շատ արագ զարգացումներ կարող են տեղի ունենալ, եւ փոփոխությունները անկանխատեսելի են: Երեք օր առաջ Սիրիայի իշխանությանը հասցված զինված հարվածին հաջորդած երկու օրերին նույնքան հզոր հակահարված հաջորդեց: Հենց սա է պատճառը, որ զարգացումներն արագացան:
Սիրիայի հայ համայնքին ի՞նչ է սպառնում:
Առճակատումներն ու բախումները արդեն հասել են Հալեպ, որտեղ համախումբ հայաբնակ թաղամասեր կան: Եթե բախումները տարածվեն, անշուշտ, իրավիճակը շատ մտահոգիչ կդառնա: Այս պարագայում առաջանում է նախ հայ համայնքի ֆիզիկական անվտանգությունը ապահովելու խնդիրը: Տեղեկություն ունենք, որ արդեն որոշ թվով զոհեր կան, բայց ոչ թե հենց հայերի դեմ գործողություններ ձեռնարկելու հետեւանքով, այլ տեղի ունեցած ընդհանուր բախումների պատճառով:
Ճիշտ է նաեւ, որ մի քանի հայեր են առեւանգվել, ապա ազատ արձակվել: Այս դեպքում էլ առեւանգիչները ոչ թե հայերի դեմ են սեւեռված եղել, այլ ակնկալել են, որ փրկագին կարող են ստանալ:
Բարեբախտաբար տակավին հակահայկական գործողություններ տեղի չեն ունեցել, բայց Հալեպում բախումները տարածվում են, եւ անհրաժեշտություն է առաջացել միջոցներ ձեռնարկել, որ հայ համայնքի անդամներն ու համայնքային կառույցները չտուժեն:
Նաեւ մտահոգիչ է, թե այս ամենը ինչով կավարտվի, ինչպիսի քաղաքական իրավիճակ կստեղծվի, եւ հայ համայնքը ինչ պայմաններում կհայտնվի:
Ի՞նչ պետք է անի հայ համայնքը: Ո՞րն է լավագույն լուծումը:
Դաշնակցության մոտեցումն այն է, որ հայ համայնքը հնարավորինս մնա Սիրիայում, լինի կենսունակ եւ կարողանա շարունակել իր ակտիվ գործունեությունը որպես Սփյուռքի կարեւորագույն կենտրոններից մեկը: Հատկապես անհրաժեշտ է պահպանել Հալեպի համայնքը, որը անչափ կարեւոր դերակատարություն ունի եւ Ցեղասպանությունից հետո ձեւավորված Սփյուռքի համար համարվում է «մայր» համայնք:
Իհարկե, ասվածը բոլորովին չի նշանակում, թե Հայաստան գալ ցանկացողներին պետք չէ աջակցել: Ճիշտ հակառակը. եթե հայերը պետք է դուրս գան Սիրիայից, արտագաղթեն, ապա ամենանախընտրելի տարբերակը Հայաստան գալն է:
Նաեւ Հայաստան գալ ցանկացողներին անհրաժեշտ է հնարավորինս սատարել՝ կարգավորել եւ ինքնաթիռների չվերթերը, եւ ուղեվարձերը, եւ մուտքի արտոնագրեր տրամադրելու խնդիրները: Այս ամենը, որոշ հապաղումով, Հայաստանի կառավարությունը կարծես արդեն կատարում է: Ուստի սխալ են իբր անգործության համար կառավարության հասցեին հնչող մեղադրանքները:
Միաժամանակ խիստ կարեւոր է խուսափել բոլոր այն քայլերից, որոնք կարող են խուճապ առաջացնել: Իհարկե ամեն ոք իր կարծիքը կարող է ունենալ ու արտահայտել, բայց կա նաեւ պատասխանատվության խնդիր: Հետեւաբար չի կարելի աջ ու ահյակ մեղադրանքներ շռայլել առանց տեղյակ լինելու առկա խնդիրների նրբություններին:
Նախեւառաջ անթույլատրելի է տպավորություն առաջացնել, թե Սիրիայի հայ համայնքը լքված է: Իրողությունները բոլորովին այդպիսին չեն։ Համայնքի ղեկավարությունը շատ լավ հասկանում է, որ թեեւ վիճակը ծանր է, բայց համայնքը լքված չէ, եւ հենց իրենք են պնդում, որ խուճապ չառաջացնեն:



























