Ռուսաստանի Կեմերովոյի շրջանի «Զիմինկա» հանքահորում մեթանի պայթյուն է տեղի ունեցել:
Ըստ Կեմերովոյի շրջանի ԱԻՆ-ի ԳՎ-ի տվյալների` 3 մարդ է մահացել, եւս 5 հանքափորի հաջողվել է վերեւ բարձրանալ: Դեպի պահին հանքահորում աշխատելիս են եղել 95 մարդ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Մահացած հանքափորերի մարմինները հայտնաբերվել են:
Բացի օրենքով նախատեսված բոլոր վճարումներից զոհվածների ընտանիքները կստանան նաեւ մեկական միլիոն ռուբլի: Դրանից բացի, զոհվածների երեխաները կստանան լեռնագործների աշխատավարձը մինչեւ չափահաս դառնալը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հանքահորում վթարի պատճառները հետաքննելու համար ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը գլխավորել է Կեմերովոյի շրջանի նահանգապետ Աման Թուլեեւը:
«Զիմինկա» հանքահորը, հայտնում է «Ինտերֆաքս ԷՐԱ» գործակալությունը, պատկանում է «Սիբիրյան գործարար միություն» ՓԲԸ հոլդինգային ընկերությանը:



























