Համացանցային հսկա Google-ն այսօր փոխել է ավանդական doodle-ը: Պատճառը Լոնդոնում Օլիմպիադա-2012-ի մեկնարկն է:
Ավանդական լոգոտիպը փոխարինվել է տարբեր մարզաձեւեր ներկայացնող մարզիկների պատկերներով: Լողորդուհին ձեռքին պահել է մեծատառ G-ն, թեթեւ աթլետները` երկու o եւ g տառերը, իսկ սուսերամարտիկը թրով պահում է վերջին`e տառը:
Բացման արարողությունը Լոնդոնում կսկսվի հուլիսի 27-ին տեղական ժամանակով ժամը 20.12-ին` աշխարհում ամենամեծ`27 տոննա ծանրությամբ զանգի ազդարարմամբ: Այնուհետեւ հանդիսատեսներն էկրանին կտեսնեն վաղօրոք ձայնագրված Ջեյմս Բոնդի եւ Եղիսաբեթ II թագուհու ուղերձները: Դրանից հետո հենց Օլիմպիական մարզադաշտում պարաշյուտով վայրէջք կկատարի 007 գործակալի հագուստով մի մարդ եւ դա տոնական շոուի մեկնարկը կազդարարի, որի համար 42 մլն դոլար է ծախսվել:
Լոնդոնում Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, բեմադրող ռեժիսոր Դենի Բոյլի մտահղացմամբ, թույլ կտա վերհիշել Մեծ Բրիտանիայի անցյալը, կպատմի ներկայի մասին եւ հայացք կնետի ապագային: Հանդիսատեսները կտեսնեն անգլիական XIX դարի գյուղն իր ողջ հմայքով, ճգնաժամային տարիները եւ վերածնունդը Լոնդոնի արեւելյան հատվածում, որտեղ էլ ընթանում են այս տարվա Օլիմպիական խաղերը: Հանդիսությունը կեզրափակի Փոլ ՄըքՔարթնին:
Օլիմպիադա-2012-ի բացման արարողությունը անվանվում է «Հրաշքների կղզի»: Դերասաններից բացի շոուում կլինեն այծեր, կովեր, ոչխարներ, հավեր, ձիեր, սագեր, շներ:











