Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Պարակյանին:

Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հյուրը նախարարին է ներկայացրել Երեւան-Մարսել քույր քաղաքների միջեւ առկա փոխգործակցության շրջանակները եւ ցանկություն հայտնել առողջապահության ոլորտում եւս ծրագրեր իրականացնել: Նա նշել է, որ Մարսելի հիվանդանոցները համակարգող մարմինը պատրաստ է համագործակցել բժիշկների վերապատրաստման, փորձի փոխանակման, բժշկական սարքավորումների տրամադրման եւ այլ ուղղություններով: Փոխքաղաքապետը նաեւ առաջարկել է պարբերաբար համատեղ կազմակերպել անվճար վիրահատություններ, որոնք կիրականացնեն Մարսելից ժամանած փորձառու բժիշկները:

Նախարար Դումանյանը ծրագրային բոլոր առաջարկներն էլ ընդունելի է համարել եւ հավելել, որ 88-ի երկրաշարժից հետո սփյուռքի գրեթե բոլոր հայ բժիշկները սերտ համագործակցում են Հայաստանի առողջապահության բնագավառում: Նախարարը վկայակոչել է Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեն, որը գործում է 1973 թվականից եւ 4 տարին մեկ, իսկ 2001-ից 2 տարին մեկ համախմբում է աշխարհասփյուռ հայությանը բժիշկների միջազգային համագումարի դրոշի  ներքո:

Դերենիկ Դումանյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու առողջապահության ոլորտի զարգացմանը միտված ցանկացած նախաձեռնության: