Տաջիկական կառավարական ուժերի եւ Խորոգի տարածքում գործող զինված ապօրինի խմբավորումների միջեւ հուլիսի 26-ին ձեռքբերված պայմանավորվածությունների համաձայն` հուլիսի 27-ին օրվա առաջին կեսին գրոհայինները պետք է սկսեին զենքի հանձնումը: Այդ մասին  «Ասիա-պլյուս» գործակալությանը հաղորդել է Տաջիկստանի ուժային կառույցների աղբյուրը: Իշխանությունների վերջնագրի երկրորդ կետի` Ազգային անվտանգության կոմիտեի գեներալ Աբդուլո Նազարովի սպանության կասկածյալներին հանձնելու մասով պայմանավորվածության հասնել չի հաջողվել:

Սակայն, Խորոգից  «ԱՊ»-ի թղթակցի հաղորդմամբ, առայժմ զենքը հանձնելու մասին տվյալներ չկան, քաղաքում ուժեղացված վերահսկողություն է: Իշխանություններն առաջվա պես պնդում են հանձնել գեներալ Աբդուլո Նազարովի սպանության կասկածյալներին եւ զենքերը: Ժամը  12.00-ին լրացել է հրադադարի մորատորիումի ժամկետը:

Գրոհայիններն ու քաղաքացիներից շատերը պատրաստ են հանձնել մեղավորներին, բայց միայն այն բանից հետո, երբ զորքերը դուրս կհանվեն, հետ կկանչվեն դիպուկահարները, որոնք հաստատվել են քաղաքի տարբեր հատվածներում եւ Խորոգի շրջակա լեռներում:

«ԱՊ»-ի թղթակիցը նաեւ հաղորդել է, որ անհայտ անձինք բնակչությունից խլում են արբանյակային հեռախոսները, որոնք Խորոգի հետ կապի միակ միջոցն են: