Ռազմական գործողությունների հետեւանքով Սիրիայի խոշոր քաղաքներում սիրահայերի մեծ հոսք Լիբանան չկա: Այս մասին NEWS.am-ին ասաց Լիբանանի  հայկական «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանը:

Սակայն, Կանդահարյանի խոսքով, եթե սկսվեն խոշորամասշտաբ ռազմական գործողություններ, ապա Լիբանանի կառավարությունը կընդունի սիրիացի փախստականներին եւ նրանց կացարան կտրամադրի: «Ժամանակին Լիբանանում քաղաքացիական պատերազմի ժամանակ շատ լիբանանցիներ ապաստան գտան Սիրիայում: Հիմա Լիբանանում Սիրիայից մի քանի ընտանիք կա, ովքեր ժամանակավորապես բնակվում են իրենց հարազատների մոտ, վերջնական տեղափոխման մասին խոսք անգամ չկա»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է Սիրիայի հայ համայքնին, ապա Կանդահարյանի խոսքով, իրենք կապ են պահպանում սիրիահայերի հետ եւ վերջին տվյալներով Դամասկոսի եւ Հալեպի արվարձաններում ռազմական գործողությունների ժամանակ հայեր չեն տուժել: Նա նաեւ նշեց, որ Հալեպի հայկական թաղամասը նյութական վնաս չի կրել:

«Սիրիայում ռազմական գործողությունները ոչ մի կերպ ուղղված չեն հայերի դեմ, հնարավոր է,  որոշակի վնաս հասցվել է շենքերին, սակայն մարդկային կորուստներ չկան»,-ասել Կանդահարյանը:

Նշենք, որ Սիրիայում բնավում է 60-70 հազ. հայ, որը բնակչության 0,5%-ից էլ քիչ է: Նրանց կեսը բնակվում է Հալեպում: