Մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած փուչիկների պայթյունի գործի նախաքննությունը ավարտվել է, գործը տեղափոխվել է դատարան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննչական բաժնի պետ Արսեն Այվազյանը:

Հիշեցնենք, որ այս գործով մեղադրանք էր առաջադրվել Սերոբ Բոզոյանին` Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը) 2-րդ մասով (Վնաս պատճառել երկու կամ ավելի մարդկանց առողջությանը): Մեղադրայալիի նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել էր ստորագրությամբ չբացակայելը: Սերոբ Բոզոյանը 54 տարեկան է և զբաղվում է փուչիկների լիցքավորմամբ: Կազմակերպություն չունի և ինքն է անձամբ ընդունում պատվերներ:

Հիշեցնենք, որ ՀՀԿ նախընտրական հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 150 հոգի տարբեր աստիճանի այրվածքներ էին ստացել, կային տուժածներ, ովքեր հրաշքով փրկվեցին: Արտասահմանից բժիշկներ բերեցին՝ խոր վնասվածքները պլաստիկ վիրահատելու եւ այրվածքները բուժելու համար: