Մեծ Բրիտանիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին` ուղղված ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այդ մասին 1News.az-ի հետ հարցազրույցում նշել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Փիթեր Բեյթմանը:
Նա նշել է, որ Մեծ Բրիտանիան ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում առաջնային խաղացող չէ: Այդ հարցով նախեւառաջ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, մասնավորապես` դրա երեք համանախագահները (Ֆրանսիա, ԱՄՆ, Ռուսաստան):
«Մենք պատրաստ ենք մեր եվրոպական գործընկերների հետ համատեղ անել ամեն հնարավորը, որպեսզի նրանց օգնենք խաղաղ կարգավորման գործում` տարածքային ամբողջականության, ուժ չկիրառելու եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքները հիմք ընդունելով», -ասել է նա:
Պատասխանելով հարցին, թե անհրաժեշտ է արդյոք կիրառել Իռլանդիայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ հակամաևտության կարգավորման ներուժը ղարաբաղյան հակամարտությա կարգավորման հարցում, դեսպանը նշել է, որ Հյուսիսային Իռլանդիայում խնդիրները ծագել էին հանգամանքներից, որոնք որոշակիորեն տարբեր էին Լեռնային Ղարաբաղում եղածից: «Կարծում եմ, Հյուսիսային Իռլանդիայի խաղաղ գործընթացի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ քիչ զուգահեռներ կան: Կան որոշ դասեր, որոնք մենք քաղել ենք սեփական փորձից եւ որոնք վերջնահաշվում կարող են կապ ունենալ ցանկացած հակամարտության հետ: Նախեւառաջ դա բնակչության նախկինում հակամարտող շերտերի հաշտեցման գործընթացն է», - ասել է Փիթեր Բեյթմանը:



























