Բուլղարիայի ոստիկանությունը, հիմնվելով  հուլիսի 18-ին Իսրայելից վերադարձող զբոսաշրջիկներով ավտոբուսը պայթեցրած ահաբեկչի մարմնի մնացորդների  զննության վրա, երկու նոր ֆոտոռոբոտ է կազմել:

Պատկերներն ստացվել են հանցագործի պայթյունի հետեւանքով մասնատված մարմնի մնացորդները մանրազնին ուսումնասիրելուց հետո: Մասնագետները տղամարդու երկու պատկեր են  ստեղծել` կարճ եւ երկար մազերով, քանի որ պարզվել էր, որ նա կեղծամ է օգտագործել:

Մահապարտի ազգությունը նախկինի պես  պարզ չէ: Հանցագործի մարմինն ուղարկվել էր մայրաքաղաք Սոֆիա, հայտնում է LifeNews-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հետաքննությունը կասկածի տակ է առել նախնական վարկածն այն մասին, որ տղամարդը մահապարտ է եղել:  

Այն բանից հետո, երբ հայտնի է դարձել նրա երկու համախոհների մասին, վարկած էր  առաջ քաշվել, որ տղամարդն ակամայից է դարձել ահաբեկչության կատարող եւ միայն գործիք է եղել իսրայելցիների դեմ հանցագործության իրական կազմակերպիչների ձեռքում: