Թեեւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի Արգենտինա այցի նպատակը  «ապագա տնտեսական եւ քաղաքական համագործակցության համար հիմքերի ստեղծումն է», կասկած չկա, որ այդ այցի քաղաքական մտադրությունը գերազանցում է տնտեսականին, գրում է արգենտինական «Buenos Aires Herald»-ը:

Պարբերականը գրում է, որ սկսելով այցը Կոլումբիայից, պատվկիրակությունը ժամանում է Արգենտինա, այնուհետեւ` Ուրուգվայ եւ Պերու, իսկ ամսվա վերջում` Փարիզ, որտեղ Մամեդյարովը հանդիպում կունենա իր ֆրանսիացի գործընկեր Լորան Ֆաբիուսի հետ:

«Այնպես է ստացվել, որ Ադրբեջանի ԱԳ նախարարն այցելու է Արգենտինա` Լատինական Ամերիկայում ամենամեծ համայնքն ունեցող երկիրը եւ  այցն ավարտում է  Ֆրանսիայում, որտեղ բնակվում է  Եվրոպայի խոշոր հայ համայնքը: Այսպիսով, հարց է ծագում Իլհամ Ալիեւի կառավարության` ազդեցիկ հայազգի գործարարներին  սեւ ոսկով «հակակշռելու» մտադրության մասին, ինչպես նաեւ տեղ հասցնելու այն գաղափարը, թե Հայաստանը հրաժարվում է ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցություններից»,-նշվում է հրապարակման մեջ:

Հենց Հայաստանին հակակշիռ ստեղծելու նպատակով Ալիեւի կառավարությունը  մի քանի տարի առաջ սկսեց Լատինական Ամերիկայի «նվաճումը»:

Թեեւ Ադրբեջանի ԱԳ նախարարությունում վստահեցնում են, որ ղարաբաղյան խնդիրը կքննարկվի առանձին` Ֆաբիուսի հետ Փարիզում կայանալիք հանդիպմանը, բացառված չէ, որ հարցը կբարձրացվի նաեւ Բուենոս Այրեսում, ինչպես դա արվել էր Մեխիկոյում եւ Բոգոտայում»,-ասվում է հոդվածում: