Անժելա Սարգսյանի «տղամարդը»` Կարեն Արայանը, ով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անժամկետ հացադուլ է8 հայտարարել, երեկ` հուլիսի 26-ին դադարեցրել է հացադուլը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՄԻՊ գրասենյակից  տեղեկացրեցին, որ արագ արձագանքման բաժնի աշխատակիցները այցելել են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ եւ վարչակազմից տեղեկացել, որ Կարեն Արայանը երեկվանից ` հուլիսի 26-ից դադարեցրել է հացադուլը:

Ավելի վաղ NEWS.am-ը  հայտնել էր, որ Կարեն Արայանը ՀՀ նախագահին, Գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին, Արդարադատության նախարարին եւ ԱԺ նախագահին ուղղված բաց նամակ է հղել բանտից, որոում մասնավորապես նշվում է «Ես` Կարեն Արայանս, անհիմն մեղադրվում եմ դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնկագրական բնույթի լուսանկարը տարածելու եւ նրա ընտանեկան գաղտնիքը բացահայտելու մեջ, այսինքն` ՀՀ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով եւ 144-րդ հոդվածով: Ողջ մեղադրանքը հիմնված է շինծու ապացույցների եւ ոչ ճիշտ որակված փաստերի վրա: Ես պնդում եմ, որ այդ արարքը կատարել է հենց ինքը` Անժելա Սարգսյանը, սակայն մինչ այսօր չի ստուգվել նույնիսկ նրա համակարգիչը…Ես ինձ մեղավոր չեմ ճանաչել ու չեմ ճանաչում, քանի որ ես ոչ մի պոռնկագրական բնույթի լուսանկար ոչ մեկին, ոչ մի կերպ չեմ փոխանցել ու չեմ ցուցադրել: Դատարանը նույնիսկ չի կարողանում վկաներին բերման ենթարկել դատական նիստերին եւ արդեն հինգերորդ ամիսն է, ինչ այդ պատճառով դատավարությունը հետաձգվում է ու չունի ընթացք: Մերժվել են իմ խափանման միջոց կալանքը վերացնելու եւ գործը կարճելու վերաբերյալ միջնորդությունները եւ 2011 թվականի հոկտեմբերի 5-ից մինչեւ այսօր ես գտնվում եմ ապօրինի կալանքի մեջ: Ուստի` ելնելով վերոգրյալից ես այսօրվանից կարել եմ բերանս ու հայտարարում եմ անժամկետ հացադուլ եւ պահանջում եմ արդարության վերականգնում: Ես հացադուլից դուրս կգամ այն ժամանակ, երբ կգտնվեմ ազատության մեջ»:

Նշենք, որ 2011 թվականի հոկտեմբերի 5-ին Կարեն Արայանը ձերբակալվել էր, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144 (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) եւ 263 (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հոդվածների հատկանիշներով: Հոկտեմբերի 7-ին Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանքը, իսկ դեկտեմբերի 5-ին երկու ամսով երկարացվել էր կալանքի որոշումը: Սեպտեմբերի 17-ին, ՀՀ մշակույթի նախարարության «մշակութային արժեքների փորձաքննություն» ՊՈԱԿ-ի մասնագետների տված եզրակացության համաձայն համացանցում հայտնված լուսանկարները պոռնկագրական բնույթի են եղել: Ըստ մամուլի հրապարակումների` լուսանկարները համացանցում տարածել էր նրա նախկին ընկերը` ոմն Կարեն Արայանը: Անժելա Սարգսյանը նկարահանվում էր «Արմենիա» հեռուստաընկերության «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալում: Լուսանկարները ինտերնետում հայտնվելուց հետո, նրա խաղընկերուհիները հրաժարվել էին նկարահանվել Անժելայի հետ: