Սերբիայում  հուլիսի 27-ին ձեւավորվել է  կոալիցիոն նոր կառավարություն` Իվիցա Դաչիչի գլխավորությամբ, որը Սլոբոդան Միլոշեւիչի մամուլի նախկին քարտուղարն է եղել: Կառավարության կազմում ընդգրկված են ազգայնական Սերբական առաջադիմական կուսակցության ներկայացուցիչները, որը նախկինում գլխավորում էր Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը, եւ Սերբիայի սոցիալիստական կուսակցության անդամները:

Դաչիչը հայտարարել է, որ իր կառավարությունը հիմնականում ուշադրություն կդարձնի Եվրամիությանը Սերբիայի միանալուն, Կոսովոյի հետ երկխոսության կարգավորմանը եւ տնտեսական խնդիրների լուծմանը, հայտնում է «Ազատություն» ռադիոն:

Գլխավորելով կառավարությունը` Դաչիչը պահպանել է  ներքին գործերի նախարարի պաշտոնը: Ազգայնական Սերբական առաջադիմական կուսակցության  նախագահ Ալեքսանդր Վուչիչը դարձել է  պաշտպանության նախարար եւ 4 փոխվարչապետերից մեկը: Սերբիայի դեմոկրատական կուսակցությունը, որը  2000 թվականին փորձում էր հասնել Միլոշեւիչի հրաժարականին, կրկին ընդդիմության բանակում է հայտնվել: