Հուլիսի լույս 27-ի գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, Տավուշի մարզի Հաղարծին գյուղում 65-ամյա Միշա Թամամյանը  մկրատով հարվածներ է հասցրել որդու` 41-ամյա Սամվել Թամամյանի կրծքավանդակին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Տավուշի մարզ  Հաղարծին գյուղի գյուղապետ Սարգիս Պողոսյանից:

Նրա խոսքով, Սամվել Թամամյանը տեղափոխվել է Դիլիջանի հիվանդանոց, ուր վիրահատվել է եւ արդեն ամեն ինչ լավ է: Հարցին, թե ո՞րն է եղել հոր կողմից նման քայլի պատճառը Սարգիս Պողոսյանը պատասխանեց, որ տղան հարբեցող է, ինչի արդյունքում նաեւ ամուսնալուծվել է: Ընտանիքի սոցիալական վիճակը անապահով է, ավելին, ապրում են վագոն տնակում: Գյուղապետը նաեւ նշեց, որ տղայի հայրը լավ մարդ է եւ շատ հնարավոր է, որ ալկոհոլի ազդեցության տակ տղայի արարքներն են այդ քայլին հասցրել հորը:

Ոստիկանության Տավուշի մարզի ոստիկանությունից հաստատեցին տեղեկությունը` նշելով, որ Սամվել Թամամյանը դեռեւս չպարզված հանգամանքներում է  ստացել վնասվածքը: Հանգամանքները պարզվում են: