Արգենտինայում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանը նամակ է հղել արգենտինական «La Nacion» թերթին` ի պատասխան այն հոդվածի, թե Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ դիվանագիտական կոնֆլիկտ է հասունանում: Նամակում դեսպանը հերքում է այդ պնդումը: NEWS.am-ը ներկայացնում է «La Nacion»ի կայքում հրապարակված Վահագն Մելիքյանի նամակի թարգամությունը.
Հուլիսի 24-ին հրապարակված «Արգենտինայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական կոնֆլիկտ է հասունանում» հոդվածի առնչությամբ ցանկանում եմ հաղորդել, որ Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ դիվանագիտական ոչ մի կոնֆլիկտ չկա: Ինչ վերաբերում է Արգենտինայի ԱԳ նախարարության բարձրագույն մարմինների հետ իմ հանդիպումների բովանդակությանը, ապա հոդվածն աղավաղում է փաստերը եւ չի համապատասխանում իրականությանը, քանի որ բոլոր հանդիպումներն անցել են առանձնահատուկ ջերմ եւ շատ դրական մթնոլորտում: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող եւ հարաբերությունների խորացման ու ամրապնդման հետ կապված հարցեր: Ինչպես հուլիսի 19-ին հաղորդել է ԱԳՆ պաշտոնական կայքը, նախարար Հեկտոր Թիմերմանը « ի պատասխան Հայաստանի ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանի հրավերի այս եռամսյակի ընթացքում կայցելի Հայաստան»:
Այդ այցը լայն հնարավորություն է ընձեռում ամենաբարձր մակարդակով քննարկելու երկկողմ հարաբերություններն ու դրանց զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումն ու առաջընթացը: Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ հրաշալի հարաբերություններն ավանդական բարեկամական կապերի ամենաիսկական արտահայտությունն են, որոնք բնութագրում են հայ եւ արգենտինացի ժողովուրդների միջեւ պատմական կապվածությունը:



























