Տաջիկստանը փակել է Աֆղանստանի սահմանի բոլոր անցակետերը` Գորնո-Բադախշանի ինքնավար մարզի գրոհայինների դեմ հատուկ գործողության շրջանակներում: Այդ մասին հայտնել է տաջիկական սահմանապահ ծառայության ներկայացուցիչ Խունշուդ Ռախմատուլաեւը:
Ըստ Reuters-ի` ԼԲԻՄ-ի եւ Աֆղանստանի սահմանի հատվածը փակվել էր դեռեւս հուլիսի 24-ին: Հուլիսի 26-ին փակվել էին նաեւ մնացած անցակետերը` ամբողջ տաջիկաաֆղանական սահմանի երկայնքով:
Ըստ Ռախմատուլաեւի` բացառություն են արվել միայն ՆԱՏՕ-ի բեռնատարների համար: Նրանց նախկինի պես թողնում են սահմանն անցնել, հայտնում է «lenta.ru»-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հատուկ գործողության ընթացքում ձերբակալված գրոհայինների շարքում եղել են Աֆղանստանի 8 քաղաքացիներ` «Թալիբան» շարժման ներկայացուցիչներ: Բացի դրանից, հաղորդվել էր, որ գրոհայինների առաջնորդը նախկին հրամանատար Թոլիբ Այեմբեկովն է, որը փախել էր Աֆղանստան եւ այնտեղ ուժեր էր հավաքագրում Տաջիկստանի կառավարության դեմ դուրս գալու մտադրությամբ:
Օզոդի ռադիոն, վկայակոչելով Բադախշանին մոտ աղբյուրին` հայտնում է, որ կառավարական կողմը երկարաձգել է վերջնագրի ժամկետը մինչեւ հուլիսի 28-ը: Մինչ այդ զինված խմբավորումների ներկայացուցիչները պետք է վայր դնեն զենքերը եւ հանձնվեն:



























