Մնջախաղի երրորդ միջազգային փառատոնի շրջանակներում օգոստոսի 13-ին Ծաղկաձոր քաղաքում բացվելու է հռչակավոր ծաղրածու Լեոնիդ Ենգիբարովի հուշարձանը: Այդ մասին հուլիսի 27-ին լրագրողների հետ զրույցում ասել է փառատոնի տնօրեն, Երեւանի մնջախաղի թատրոնի գեղարվետսական ղեկավար Ժիրայր Դադասյանը:
Նա հայտնել է, որ արձանն նախօրեին դուրս է եկել հնոցից: Հուշարձանը տեղադրելու գաղափարը Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանինն է, ով իր վրա է վերցրել ֆինանսական ծախսերը: Այդկերպ, ըստ Դադասյանի, քաղաքապետը ամրագրել է Մնջախաղի հաջորդ փառատոններն իր քաղաքում անցկացնելու իրավունքը:
Դադասյանը նաեւ նշել է, որ հուշարձանի բացման ժամանակ ֆլեշ-մոբ է կայանալու:
Մնջախաղի միջազգային փառատոնն առաջին անգամ կայացել է 2008թ.., իսկ 2010-ից կրում է Լեոնիդ Ենգիբարովի անունը: Երրորդ փառատոնը կայանալու է Ծաղկաձորում` օգոստոսի 10-ից 15-ը, դրան մասնակցելու են արտիստներ Դանիայից, Իտալիայից, Լեհաստանից, Թուրքիայից, Ղազախստանից եւ Ճապոնիայից:




























